14 հունիսի 2010 - 13:32 AMT
Անկարան նոր փուլ կբացի ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններում

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների նոր փուլը կսկսվի հունիսի 30-ին: Ինչպես Ստամբուլում հայտարարել է պետնախարար և ԵՄ-ին անդամակցության հարցերով գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիսը, բանակցությունների այդ գլուխը վերաբերում է սննդամթերքի անվտանգության ապահովմանն ուղղված Թուրքիայի քաղաքականությանը: Անցած շաբաթ Թուրքիայի խորհրդարանը երկար բանավեճերից հետո համապատասխան օրենք ընդունեց սննդամթերքի անվտանգության մասին, որը հավանության արժանացավ նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից, գրում է թուրքական Today`s Zaman թերթը:

Հատկանշական է, որ հենց հունիսի 30-ին է ավարտվում Իսպանիայի նախագահությունը ԵՄ-ում: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են 2005 թվականին: Ըստ ԵՄ կանոնների, բանակցությունները բաժանված են 35 թեմատիկ բաժինների կամ գլուխների: Այդ բաժիններն որոշում են այն ոլորտները, որտեղ թեկնածու երկիրը պետք է իր ներքին նորմերն ու կարգերը համապատասխանեցնի ԵՄ պահանջներին: