14 հունիսի 2010 - 17:49 AMT
Հայաստանում կբարեփոխվի Որակի կառավարման համակարգը

Որակի կառավարման համակարգը Հայաստանում, որը վերջին անգամ բարեփոխվել է ԱՀԿ-ին անդամակցելուց, այսօր փոփոխության կարիք ունի և պետք է համաձայնեցվի միջազգային չափանիշներին: Նման կարծիք է հայտնել ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը ճեպազրույցի ժամանակ, որը նախորդեց Հայաստանում որակի համակարգի փոփոխության նախագծի հանրային քննարկումներին: «Նման կարծիքի են ոչ միայն միջազգային փորձագետները և հանձնաժողովները, մենք ինքներս ենք հասկանում, որ մեր համակարգը խնդիրներ ունի, կապված միջազգային չափանիշներին համապատասխանեցման հետ »,-ասել է նա:

Ըստ փոխնախարարի, եվրաինտեգրման գործընթացում, որի կարևորագույն փուլերից մեկը տնտեսական ինտեգրումն է, ինչը ենթադրում է նաև առևտրի ոլորտի ինտեգրում, նախապայման առաջդրվեց որակի համակարգի բարեփոխման վերաբերյալ: «ԵՄ-ի հետ ազատ առևտրի մասին բանակցություններ սկսելու համար, հարկավոր է պաշտպանել երկրի սպառողների իրավունքներն ու անվտանգ սննդարտադրություն ունենալ ներքին շուկայում, դրա հետ մեկտեղ ապահովելով հայկական ապրանքների արտահանումը եվրոպական երկրներ, որից հետո հնարավոր կդառնա նաև արտահանումը աշխարհի այլ երկրներ: Այդ նպատակին են ծառայում մեր կողմից ձեռնարկված բարեփոխումները»,-գտնում է նա:

Փոխնախարարը հայտնել է նաև, որ բարեփոխումները կանցնեն 3 հիմնական ուղղություններով` չափագրման ոլորտ, տեխնիկական կանոնակարգ և շուկայի վերահսկողություն, փորձարկում, հսկիչ ստուգումներ և հավաստագրում:

Իր հերթին հանրային քննարկումների ընթացքում Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ասաց, որ ԵՄ շուկան դա խսիտ կանոնակարգված շուկա է, որը պահանջում է բարձր չափորոշիչներ, որոնց պետո է համապատասխանի մեր արտադրանքը: «Այս բարեփոխումներն ուղղված են երկրի արտահանման ներուժի ավելացմանը»,-հավելել է նա: