14 հունիսի 2010 - 19:41 AMT
Ֆրանսիացի գրող Ժիլբեր Սինուեյի «Երևան» գիրքը թարգմանվել է բուլղարերեն

Հունիսի 11-ին Պլովդիվի «Տրակարտ» մշակութային համալիրի ցուցասրահում կայացել է վերջերս Սոֆիայում «ՎԱԿՈՆ» հրատարակչության կողմից տպագրված ֆրանսիացի գրող Ժիլբեր Սինուեյի «Երևան» գրքի բուլղարերեն թարգմանության շնորհանդեսը:

Գիրքը փաստավավերագրական վեպ է, որում հեղինակն ականատեսների և պատմական փաստերի ներկայացմամբ անդրադարձել է 1915-22թթ. Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ոճրագործություններին և ցեղասպանության խնդրին:

Գրքում օգտագործված փաստերը, հերոսները, հիշատակված անձինք նույնպես իրական են, քանի որ դրանք վերցված են նշյալ ժամանակահատվածը բնութագրող արժեքավոր փաստաթղթերից:

Շնորհանդեսին ներկա Բուլղարիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասարյանը, ողջունելով նախաձեռնողներին և շնորհակալություն հայտնելով գրքի թարգմանիչ-խմբագիր Զլատկո Ստայկովին, ևս կարևորեց այն հանգամանքը, որ վեպը բոլորի կողմից գնահատվում է ոչ միայն որպես գեղարվեստական ստեղծագործություն, այլև` փաստավավերագրական մի փոքրիկ արխիվ, որի շնորհիվ ընթերցողին հնարավորությունն է տրվում օբյեկտիվ գնահատել տվյալ ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները, մասնավորապես` հայերի նկատմամբ թուրքերի գործած բարբարոսություններն ու վայրագությունները: