15 հունիսի 2010 - 14:57 AMT
ՀՀ փոխվարչապետն ընդունեց Արիստոմենե Վարուդակիսին Հայաստանում նրա առաքելության ավարտի կապակցությամբ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսին` առաքելության ավարտի կապակցությամբ, հաղորդում է տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը:

Ա. Գևորգյանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ, օգտակար և հետաքրքիր համագործակցության համար` Ա. Վարուդակիսին հետագա գործունեության մեջ մաղթելով հաջողություններ և հույս հայտնելով, որ Հայաստանում ձեռք բերված փորձն օգտակար կլինի: ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարն իր հերթին համագործակցությունը համարեց փոխշահավետ, իսկ Հայաստանում պաշտոնավարման տարիները` մեծ փորձառություն իր համար: Նա նշեց, որ Հայաստանում ՀԲ-ի ծրագրերի իրագործման դրական մեծ փորձ կա, որը նախատեսում են ներկայացնել նաև այլ երկրներում: Ա. Վարուդակիսը գոհունակությամբ նկատեց, որ ՀՀ կառավարության հետ իրականացված համատեղ աշխատանքը օգտակար եղավ Հայաստանի համար` հաղթահարելու ֆինանսատնտեսական ճգնաժամի դժվարությունները և ունենալու որոշակի արդյունքներ: Նա ընդգծեց նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության աջակցությունը տարածքային կառավարման ոլորտում բազմաբնույթ ծրագրերի իրականացման գործում` նշելով, որ նախարարության հետ համագործակցել են թե ջրային համակարգի, թե գյուղատնտեսության, թե առողջապահական ոլորտի բարելավմանն ուղղված և այլ ծրագրերի իրագործման ընթացքում:

Ա. Գևորգյանը նկատեց, որ ՀԲ երևանյան գրասենյակի կողմից նախանշված բոլոր ծրագրերը նախապատրաստվում են գրագետ ու խնամքով, բավական հաջողությամբ իրականացվում են և ունենում գործնական նշանակություն: Փոխվարչապետի խոսքով` շատ ոլորտներում բարեփոխումների իրականացումը ՀԲ աջակցությամբ դարձել է ավելի իրատեսական: ՀԲ-ի կողմից իրականացվող ծրագրերը միշտ պարունակել են նաև բնապահպանական բաղադրիչ, ինչը շատ կարևոր է բարեփոխումների փուլում գտնվող երկրների համար, և Ա. Գևորգյանը հույս հայտնեց, որ փոխառնված գիտելիքներն ու դրական փորձը կկիրառվի պետբյուջեի կողմից իրականացվող ծրագրերի դեպքում: Նա նշեց նաև, որ հետագայում ակնկալում է ՀԲ աջակցությունը` տեղական ինքնակառավարման համակարգում բարեփոխումների իրականացման հարցում: