16 հունիսի 2010 - 16:25 AMT
ՀՀ կառավարության ղեկավարն ու ՀԲ ներկայացուցիչը կարևորել են համատեղ ծրագրերի իրականացումը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, հանդիպմանը ներկա էր Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցության ընթացքին։ Քննարկվել են ՀՀ նախարարությունների աշխատակազմերում ԾԻԳ-երի (Ծրագրերի իրագործման գրասենյակներ) ինտեգրման գործընթացի արդյունավետ կազմակերպման մանրամասներ։

Համագործակցության զարգացման տեսանկյունից կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը ճանապարհաշինության, էներգետիկայի, պետական ֆինանսների կառավարման և էլեկտրոնային կառավարման ոլորտներում: