Հունիսի 16-ին ԼՂՀ Ազգային ժողովում պաշտոնապես ներկայացվեց ԼՂՀ 2009թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որով և մեկնարկեցին փաստաթղթի նախնական քննարկումները:
Միջոցառմանը, որը վարում էր ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը, ներկա էին կառավարության անդամներ, հանրապետական գերատեսչությունների ղեկավարներ, խորհրդարանի մշտական հանձնաժողովների և խումբ-խմբակցությունների անդամներ:
Գործադիրի լիազորմամբ հանդես գալով բյուջեի կատարողականի վերաբերյալ հաղորդմամբ՝ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը հանգամանալի ներկայացրեց հաշվետու տարում հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում ու ոլորտներում արձանագրված ցուցանիշները, նշեց առաջընթացի և զարգացման միտումները: Փոխվարչապետը հանդես եկավ նաև լրացուցիչ պարզաբանումներով՝ պատասխանելով պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին երկրի կենսագործունեության առանձին ոլորտների:
Նիստի ավարտին հայտարարվեց, որ 2009թ. պետական բյուջեի կատարողականի խոհրդարանական քննարկումները կշարունակվեն ԱԺ մշտական հանձնաժողովներում և պատգամավորական խումբ-խմբակցություններում` համաձայն նախապես մշակված և հաստատված ժամանակացույցի: