16 հունիսի 2010 - 21:19 AMT
Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լոս Անջելեսի միացյալ դպրոցական համակարգի ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ, գիտնական Հակոբ Գազազյանին

Հունիսի 16-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լոս Անջելեսի միացյալ դպրոցական համակարգի (Los Angeles Unified School District) ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ, գիտնական Հակոբ Գազազյանին: Վերջինս հրատարակել է «Օգտակարություն ժամանակի և տնտեսական նպատակի ընդհանուր տեսություն» աշխատությունը, որում փորձում է բավարար պատկերացում տալ սոցիալ-տնտեսագիտության հիմնահարցերի մասին:

Հրանուշ Հակոբյանն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցել համապատասխան գիտական շրջանակներում նշյալ աշխատությունը և նոր գաղափարները ներկայացնելու գործում: Նախարարը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ու ծրագրերը` մասնավորապես անդրադառնալով «Մեր մեծերը», «Արի տուն» և այլ ծրագրերին:

Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի մասին, որից կարելի է տեղեկանալ ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքի հայկական համայնքներում կատարվող իրադարձություններին:

Հակոբ Գազազյանը նպատակ ունի գիտական լուրջ կապեր հաստատել Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի հետ, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: