17 հունիսի 2010 - 15:51 AMT
Almazian's Obsession համույթն իր ելույթով կբացի Սկոպյեի ամառային փառատոնը

Հայ ջութակահար Խաչատուր Ալմազյանի ղեկավարած Almazian's Obsession համույթն իր ելույթով կբացի Սկոպյեի ամառային փառատոնը: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել Խաչատուր Ալմազյանը, փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը և համույթի համերգը տեղի կունենան հունիսի 21-ին` Մակեդոնիայի օպերայի և բալետի մեծ դահլիճում:

Almazian's Obsession համույթի ելույթը նշանավոր փառատոների բացման կամ փակման արարողություններին արդեն ավանդույթ է դարձել: Համույթը ելույթ է ունեցել Էմիր Կուստուրիցայի առաջին Kustendorf Film & Music Festival փառատոնի բացմանը, «Rhythm of Europe» փառատոնի փակմանը, ինչպես նաև EXIT փառատոնի փակմանը, որը ճանաչվել է Եվրոպայի լավագույն փառատոնը և ընդգրկվել է աշխարհի լավագույն փառատոների տասնյակում` CNN-ի վարկածով:

Almazian's Obsession համույթն կազմված է 20 աղջիկներից, այն հանդես է գալիս «classical crossover» ոճում: 2007թ. Խ.Ալմազյանի ստեղծած համույթը կարճ ժամանակում մեծ ճանաչում ստացավ, որի ապացույցն է ԶԼՄ-ների ու առաջատար պրոդյուսերների ուշադրությունը, տարբեր միջոցառումների մասնակցելու մշտական հրավերները: 2010թ. դեկտեմբերին աշխարհահռչակ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան մտադիր է կլիպ նկարահանել Almazian's Obsession համույթի մասնակցությամբ: