2 հոկտեմբերի 2001 - 21:55 AMT
ԵՐԵՒԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անատոլի Կվաշնինը այսօր ժամանեց Երեւան: «Առկա» գործակալության տվյալներով, այցի ընթացքում Կվաշնինը կհանդիպի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Երեւանում «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց անմիջապես հետո Կվաշնինը հայտնեց, որ բանակցությունների հիմնական թեման հայ-ռուսաստանյան զինվորական գործակցության հեռանկարների քննարկումն է: Խոսելով Աֆղանստանում ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողությունների մասին, Կվաշնինը նշեց, որ Ռուսաստանը նորմալ վերաբերվեց Միացյալ Նահանգներին օդային միջանցք տրամադրելու Հայաստանի պատրաստակամությանը: Նա ընդգծեց, որ ռուսաստանյան 102-րդ բազան, գտնվելով Հայաստանի տարածքում, չի ներգրավվի հակաահաբեկչական գործողություններում:
Այցի շրջանակներում հոկտեմբերի 3-ին պատվիրակության անդամները ծաղկեպսակ կդնեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Կվաշնինը մտադիր է նաեւ այցելել Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ զինվորական բազան:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: