17 հունիսի 2010 - 19:51 AMT
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը սահմանել է Ռաֆայել Լեմկինի անվանական կրթաթոշակ

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է Ռաֆայել Լեմկինի անվան ամենամյա դրամաշնորհային ծրագրի մեկնարկը: Այն

հնարավորություն է ընձեռելու օտարերկրյա ասպիրանտներին, որոնք մասնագիտանում են ցեղասպանագիտության ոլորտում, մեկ ամսով այցելել Հայաստան` տեղի գիտական հաստատություններում և գրադարաններում ուսումնասիրություններ իրականացնելու համար:

Հաղթող հավակնորդների ուսումնասիրությունների իրականացման հիմնական վայրը լինելու է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որտեղ նրանք հնարավորություն կստանան ծանոթանալ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմությանը, ուսումնասիրություններ կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերում և գրադարանում, ինչպես նաև ստանալ մասնագիտական խորհրդատվություն, ծանոթանալ Հայաստանի Հանրապետության բուհերի, արխիվների, գրադարանների նյութերի հետ, հաղորդում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամլո ծառայությունը: