Հունիսի 17-ին Հայաստանի Ազգային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում կոմպոզիտոր-երգիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ազգային նվագարանների և հայ երգեցողության բաժնի վարիչ, պրոֆեսոր Արզաս Ոսկանյանի հետ: Հանդիպմանը ներկա էին «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ Թովմաս Պողոսյանը, երգչուհի Մարգարիտ Շահինյանը, երգչուհի Ռուզան Ավետիքյանը, երաժշտագետներ, հյուրեր:
Արզաս Ոսկանյանի անցած ստեղծագործական ուղին ներկայացրեց Ազգային գրադարանի նոտային երաժշտական գրականության բաժնի աշխատակցուհի Անի Վարդանյանը: Գևորգ Դաբաղյանը Արզաս Ոսկանյանին նվիրեց Կոմիտասի ստեղծագործություններից` դուդուկի կատարմամբ: Երգչուհի Մարգարիտ Շահինյանը, ով մաեստրոյի առաջին աշակերտներից է, նշեց, որ Արզաս Ոսկանյանի շնորհիվ ժամանակին սկսել են ուսումնասիրել Կոմիտասի անհայտ ստեղծագործություններից «Ակնա» ժողովրդական երգերը:
Ելույթ ունեցան երգիչ Արսեն Գրիգորյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության փոխնախագահ Դմիտրի Առաքելյանը: Միջոցառման ժամանակ ներկաները դիտեցին Արզաս Ոսկանյանի «Հույզեր», «Արցախյան շարք», «Պատարագ» ստեղծագործություններից հատվածներ: Ցերեկույթն ամփոփվեց Արզաս Ոսկանյանի կենդանի կատարմամբ: Գրադարանի ցուցափեղկերում ներկայացված էին Արզաս Ոսկանյանի ստեղծագործությունների նոտաներ, DVD-ներ, մամուլում տպագրված նրա մասին հոդվածներ, նրա համերգների բուկլետներ, կոմպոզիտորի ստացած պատվոգիր, ազդագրեր, լուսանկարներ, Անահիտ Կիրակոսյանի «Մանկավարժը և հայ երգեցողության դպրոցը» գիրքը (2008թ.)` նվիրված Արզաս Ոսկանյանին:
Արզաս Ոսկանյանը ծնվել է 1947թ. Դիլիջանում: Երաժշտությամբ սկսել է զբաղվել պատանի հասակից: 13 տարեկանում սկսել է հաճախել երաժշտական դպրոց, նվագել փողային նվագախմբում: Ուսումը շարունակել է Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանի թավջութակի և վոկալ բաժիններում: Ուսումնարանի 3-րդ կուրսից ընդունվել է կոնսերվատորիայի վոկալ բաժին` հաճախելով նաև պրոֆեսոր Էդվարդ Միրզոյանի կոմպոզիցիայի դասընթացներին: 1976թ. դարձել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: 1977-1978թթ. Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում դասավանդել է երգեցողություն և գործիքավորում: 1978թ. նրան հրավիրել են Երևանի պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների ամբիոն` դասավանդելու տարբեր առարկաներ: 1989թ. Արզաս Ոսկանյանը ստեղծեց «Սրինգ» նվագախումբը, որի նպատակն էր ներկայացնել հայ ժողովրդական ստեղծագործությունները: Այստեղ իրենց երաժշտական ունակություններն ավելի են հղկել և վարպետացել Մարգարիտ Շահինյանը, Թովմաս Պողոսյանը, Սուսաննա Սաֆարյանը և ուրիշներ: Արզաս Ոսկանյանը ղեկավարել է նաև «Խորան» կանանց երգչախումբը: Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնում աշխատելու տարիներին նա ղեկավարել է ժողովրդական երգի հավաքման գիտարշավներ Հայաստանի տարբեր շրջաններ: 1991թ. նա ԵՊԿ-ում ստեղծել է «Երևան» երգչախումբը, որը հետագայում կոչվեց «Վարպետներ»:
Նա համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում: Հեղինակ է օպերայի, կոնցերտների, կանտատների, ծավալուն պատարագի, կվարտետների, սոնատների, խմբերգային և վոկալ շարքերի: «Պատարագ» ստեղծագործության համար 2003թ. արժանացել է ՀՀ պետական մրցանակի: Արզաս Ոսկանյանը շարունակում է ստեղծագործել նաև այսօր: