2 հոկտեմբերի 2001 - 20:56 AMT
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՉԸՆԴԳՐԿԵԼ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅՈՒՄ, ՔԱՆԻ ՈՐ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ Է ԲԱՔՎԻ ԿԱՊԸ ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ՀԵՏ
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեննեթ Խաչիկյանը դիմել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշին նամակով, որում կոչ է արել հրաժարվել Կոնգրեսի վրա ճնշում գործադրելուց` Ազատությանը աջակցման Ակտի 907-րդ ուղղումի վերացմանը հասնելու նպատակով: (Ինչպես հայտնի է, ուղղումը արգելում է ԱՄՆ-ի վարչակազմին օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ նա չի վերացրել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը:) Խաչիկյանը ընդգծել է, որ Ամերիկան չպետք է թույլատրի Ադրբեջանին պայմանավորել Աֆղանստանում հակաահաբեկչական գործողությունների իրականացմանը օգնության ցուցաբերումը 907-րդ ուղղումի վերացմամբ: Առավել եւս, Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի նախագահը գտնում է, որ Ադրբեջանի ընդգրկումը հակաահաբեկչական կոալիցիա վտանգավոր է, քանի որ արդեն ապացուցված է այդ երկրի կապը միջազգային ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի հետ: Ի ապացույց իր խոսքերի, Խաչիկյանը ներկայացնում է կոնգրեսի կողմից ստեղծված հակաահաբեկչական գործողությունների իրագործման խմբի ղեկավար Իոսեֆ Բոդանսկու եզրակացությունը, որտեղ ասվում է , որ Ադրբեջանը օժանդակում է բեն Լադենի կողմից վարժեցված միջազգային ահաբեկիչներին եւ «տարբեր ահաբեկչական աղբյուրներից ստանում է մեծ քանակությամբ կանխիկ գումարներ»: Խաչիկյանը հաստատում է, որ լավագույն լուծումը կլինի, եթե Ադրբեջանից պահանջվի ահաբեկիչների բազաների ոչնչացումը եւ Հայաստանի տնտեսական շրջափակման վերացումը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: