Հունիսի 18-ին Տավուշի մարզի Աճարկուտ գյուղում, Կիրանց և Սամսոն կիրճերի մոտակայքում, ներկայացվել է «Բնության արահետ» ճանաչողական երթուղու` տեղեկատվական բազմալեզու վահանակների շնորհանդեսը, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ մամլո ծառայությունը:
«Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի» 2010թ. չորրորդ շնորհանդեսը նվիրված էր ԱՄԱՓ-ի նշած ամենաերկար` 18 կիլոմետրանոց երթուղուն: Այն անցնում է վայրի կենդանական և բուսական աշխարհով հարուստ, Հայաստանի ոչ այնքան հայտնի բնական արգելոցներից մեկով: Երթուղու առանձնահատկություններն են զարմանահրաշ Սեվքար անտառը և պատմական հինգ հուշարձանները` Առաքելոց, Կիրանց, Դեղձնուտ, Սամսոնի վանքերն ու Բերդքար (Մահկանաբերդ) ամրոցը: Հուշարձանները շրջապատված են հազվագյուտ ֆաունա և ֆլորա ունեցող անտառով:
ԱՄԱՓ-ի ծրագրերն իրականացվում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան մշակութային հիմնադրամի, USAID/CAPS-ի, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսի, ինչպես նաև Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցության շնորհիվ:
ԱՄԱՓ-ի նախաձեռնության հիմքում Հայաստանի պատմամշակութային հարուստ ժառանգությունը ոչ միայն զբոսաշրջիկներին ներկայացնելու ձգտումն է, այլև ազգային արժեքները ճանաչելու, պահպանելու հարցում` երիտասարդներին խրախուսելու մոտեցումը: Գործունեության հիմքում կարևորելով ազգային ինքնության պահպանման առաքելությունը`ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուշադրության կենտրոնում է պահում պատմամշակութային և բնական հուշարձանների պահպանմանն ուղղված ծրագրերը:
ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: