20 հունիսի 2010 - 15:32 AMT
Ադրբեջանական կողմը պատրաստ չէ երկխոսության` հիմնված միջազգային իրավունքի վրա

Գետավան (Չայլու) գյուղի մոտ տեղի ունեցած արյունոտ միջադեպն ունի մի քանի յուրահատկություններ, որոնց վրա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել և որոնցից պետք է հետևություններ անել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Լևոն Մելիք-Շահնազարյանը: Նա հիշեցրել է, որ ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խումբը հատել է ԼՂՀ սահմանը Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի նախագահների համատեղ հանդիպումից մի քանի ժամ անց, որի արդյունքից Իլհամ Ալիևն ակնհայտորեն դժգոհ էր մնացել: «Ադրբեջանի նախագահը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բռնազավթելու իր ձտգման մեջ հույսը դրել էր Ռուսաստանի վրա, որը հակասում է Մոսկվայի միջնորդական գործունեությանը: Չհասնելով ուզածին` Ալիևը լքեց Սանկտ Պետերբուրգի Տնտեսական ֆորումը` միջոցառում, որը Ռուսաստան կատարած այցելության պաշտոնական առիթ էր: Այսպիսով, կարելի է հաստատ արձանագրել, որ ադրբեջանական զինվորականների գիշերային հարձակումը յուրօրինակ արյունոտ շանտաժ էր` հասցեագրված Ռուսաստանին և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրներին»,- ասել է նա:

Լևոն Մելիք-Շահնազարյանը նաև ընդգծեց, որ առաջին անգամ 1994թ. մայիսից պաշտոնական Բաքուն Ադրբեջանի ԱԳՆ-ի և ՊՆ-ի մամլո կենտրոնների ղեկավարների շուրթերով չի հրաժարվում ռազմական ընդհարման փաստից: «Ավելին, Ադրբեջանը գրեթե ճանաչել է արյունոտ ակցիայի կանխամտածվածությունը` կապելով այն խորհրդային Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը վերականգնելու իրավունքի» հետ: Հատկանշական են Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի երկու արտահայտությունները. «Այդօրինակ ընդհարումները ցույց են տալիս, որ ադրբեջանական կողմը երբեք չի հաշտվի «իր» տարածքների «բռնազավթման» հետ և այդպիսի դեպքերը ցույց են տալիս, որ հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ, ինչպես դա ցանկալի է հայկական կողմին»,- ասել է քաղաքագետը:

Հայ փորձագետը նաև համոզված է, որ ադրբեջանական կողմը պատրաստ չէ միջազգային իրավունքի վրա հիմնված երկխոսության և մտադիր է հասնել ԼՂՀ բռնազավթմանը միջազգային հանրությանը շանտաժի ենթարկելու միջոցով, որը շահագրգռված է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունություն և խաղաղություն պահպանելու մեջ: «Այսինքն, ադդրբեջանական զինծառայողների խմբի գրոհը նաև յուրօրինակ հարղորդագրություն է աշխարհի աշխարհաքաղաքական կենտրոններին. եթե չլուծեք ղարաբաղյան հակամարտությունը մեր օգտին, պատեարզմ կսկսենք, որի հետևանքով կտուժեք նաև դուք և որի արդյունքները կազդեն ձեր քաղաքական-տնտեսական պլանների և հնարավորությունների վրա: Այսպիսով, այս միջադեպը մեզ երկու ելք է հուշում:

Առաջին, Հայաստանը պետք է ավելի ակտիվ աշխատանք ծավալի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը քաղաքական հարթությունից իրավական տեղափոխելու համար: Դա Ադրբեջանի արտաքին քաղաքականության խոցելի կողմն է և հենց այդ կետին պետք է անընդհատ հարվածել: Միաժամանակ հայկական դիվանագիտական կորպուսը պետք է ակտիվացնի իր գործունեությունը կարևորագույն միջազգային ատյաններում: Քիչ է իմանալ, որ մենք ճիշտ ենք, ճշմարտությունը միշտ քարոզչության կարիք ունի: Երկրորդ, անհրաժեշտ է ճիշտ գնահատել Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը: Դա ազատ է արձակում հայ զինվորականների ձեռքերը, և դրանից պետք է օգտվել: Այսուհետև ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտիկները կստանան բարոյական, և որ ավելի կարևոր է, իրավաբանական իրավունք կրակ արձակել այն ամենի վրա, ինչն անմիջականորեն շարժվում է ԼՂՀ պետական սահմանի մոտ: Ինչպես ես արդեն ասել եմ` դաշտային մկներից և աղվեսներից մինչև Ադրբեջանական զինված ուժերի զինվորներ և հրամանատարներ մի քայլ է: Իլհամ Ալիևի ախորժակը չափավորելու միակ գործող միջոցը նրան ստիպելն է ամեն օր բացատրություններ տալ արդբեջանցի ծնողներին հանուն Ադրբեջանի նախագահի քաղաքական և տարածքային նկրտումների զոհված նրանց երեխաների համար»,- ընդգծել է Լևոն Մելիք-Շահնազարյանը: