Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) հայտարարությունն այնպիսի հիմարություն է, որ նույնիսկ մեկնաբանության կարիք չունի: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:
Հունիսի 24-ին ԵՀՄՖ մամլո ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ «Եվրոպայի գաղտնի ծառայությունները հաղորդել են մեզ, որ պայմանավորվածություն կա Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ամառվա ամիսներին միջադեպեր հրահրելու վերաբերյալ, և դա համաձայնեցված է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ: Այդ միջադեպերի արդյունքում սկզբում կլինեն տասնյակ զոհեր, հետո կկազմակերպվի կարճաժամկետ լայնածավալ պատերազմ, որտեղ երկու կողմերի զոհերի քանակն արդեն հազարների կհասնի: Պատերազմը կկասեցվի գերտերությունների կողմից և հակամարտության գոտում կտեղակայվեն խաղաղապահ ուժեր` Ֆիզուլիում ամերիկյան, իսկ Քելբաջարում` ռուսական»: