24 հունիսի 2010 - 15:36 AMT
Երևանում տեղի կունենա Արևելյան Եվրոպայի մրցակցային մարմինների միջազգային սեմինար

Հունիսի 28-ից հուլիսի 1-ը Երևանում կանցկացվի մրցակցային մարմինների ներկայացուցիչների միջազգային սեմինար: Նախաձեռնությունը Մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնինն է, որն ամեն տարի սեմինարներ է կազմակերպում Հունգարիայի մայրաքաղաքում: Այս տարի առաջին անգամ որոշվել է միջազգային սեմինարն անցկացնել Հայաստանում, հայտնում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո ծառայությունը:

2005թ-ին հինմադրված Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի նպատակն է միջին, արևելյան և հյուսիս-արևելյան Եվրոպայի տարածաշրջանում զարգացնել ազատ մրցակցության օրենսդրությունն ու քաղաքականությունը: Կենտրոնի կողմից Երևանում կազմակերպվող սեմինարն այս առաքելության մի մասն է:

Սեմինարի օրակարգում ընդգրկված են գերիշխող դիրքի չարաշահման, անբարեխիղճ մրցակցության, հակամրցակցային համաձայնությունների և ակնհայտ բարձր գնագոյացման դեպքերի բացահայտման խնդիրներին նվիրված հարցեր:

Սեմինարի օրակարգն, ի դեպ, նախատեսում է ոչ միայն տեսական հարցերի ներկայացում, այլև Հայաստանի Հանրապետության Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարած կոնկրետ գործերի դիտարկում, քննարկում և նմանատիպ գործերի վարման միջազգային փորձի համեմատություն:

Սեմինարին մասնակցելու են 14 երկրների մրցակցային մարմինների ներկայացուցիչներ, ԱՊՀ երկրների մրցակցային խորհրդի ղեկավար աշխատողներ և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության 7 միջազգային փորձագետ: