25 հունիսի 2010 - 16:06 AMT
Համլետ Հարությունյան. Պատերազմը կկանխորոշի Ալիևների կլանի գահակալության ավարտը

Ողջ աշխարհին է հայտնի, որ Հայաստանը հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչի մասին Ադրբեջանը լսել անգամ չի ցանկանում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Համլետ Հարությունյանը: Նրա խոսքերով, լինեն դա Մադրիդյան սկզբունքները, թե այլ բանակցային գործընթացներ, Ադրբեջանն ու Թուրքիան միևնույն է կձախողեն դրանք, դրա ապացույցն է նաև Ադրբեջանի նախագահի պահվածքը Սանկտ Պետերբուրգում Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպումից հետո: «Ալիևը, պահանջելով Ղարաբաղի ազատագրված տարածքները, ինքը չի հասկանում, թե ինչ է ցանկանում և նույնիսկ պատկերացում չունի, թե ինչ է իրենից ներկայացնում Արցախը»,-ասել է Հարությունյանը:

Ընդ որում նա նշել է, որ ռազմավարական իմաստով Ղարաբաղն Ադրբեջանին հարկավոր չէ: Ըստ քաղաքական գործչի, ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի համար իշխանությունը պահպանելու միջոց է: «Ես վստահ եմ,որ Բաքուն երբեք պատերազմ չի սկսի, քանի որ այդ պատերազմը կկանխորոշի Ալիևների կլանի գահակալության վերջը»,-ասել է Հարությունյանը` հավելելով, որ Հայաստանը չի կարող պարտվել պատերազմում: «Ես վստահ եմ. երբ էլ Բաքուն որոշի պատերազմ սկսել, նա անպայման տանուլ կտա»,-ասել է ՀՀԿ անդամը: