25 հունիսի 2010 - 17:39 AMT
Պատրաստ է գիտական երեք կենտրոնների ստեղծման մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը

Հայաստանում կստեղծվեն գիտական կենտրոններ, որոնցում կմիավորվի գիտական ներուժը, զանազան կազմակերպությունների շահերն ու նրանց տեխնիկական բազան: Ինչպես հունիսի 25-ին կայացած մամլո ասուլիսում նշել է Գիտության գծով պետկոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, կենտրոնները թույլ կտան ընդհանրացնել կազմակերպությունների գիտական հետաքրքրությունները, օպտիմալացնել գիտական ներուժը, նյութատեխնիկական բազան, տարածքներն ու վարչասպասարկող անձնակազմը, բարձրացնել ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը և այլն: «Գիտական կենտրոն կարող են ձևավորել ՀՀ մեկ կամ մի քանի գիտական, գիտատեխնիկական, գիտակրթական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, որոնք ունեն համապատասխան նյութատեխնիկական բազա և տարածքներ, բարձր որակավորում ունեցող գիտական աշխատողներ և մասնագետներ, միջազգային համագործակցության և գիտական արդյունքների ներդրման փորձ»,- ասել է Սամվել Հարությունյանը:

Սամվել Հարությունյանի խոսքով, ներկա պահին պատրաստ է գիտական 3 կենտրոններ ստեղծելու ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Գիտական կենտրոնները ձևավորվում են ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի որոշման համաձայն: Գիտական կենտրոններ ձևավորելու գործընթացը կանոնակարգում է ՀՀ կրթության և գիտության նախարարությանն առընթեր Գիտության պետական կոմիտեն: