«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանդեպ հետաքրքրությունը կտրուկ աճել է, ինչի մասին վկայում է մի շարք հայտնի հյուրերի ներկայությունը, ինչպիսիք են Ալլեն և Ալբերտ Հյուզ եղբայրները, ովքեր ԱՄՆ-ում մեծ գումարներ բերող ֆիլմերի հայտնի ռեժիսորներ են: Այդ մասին հունիսի 29-ին կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Ոսկե ծիրան» փառատոնի տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը: «Հյուզ եղբայրները սևամորթ են, բայց նրանց մայրը հայ է` Աիդա Մկրտչյան: Ամուսնալուծությունից հետո նա եղբայրներին դաստիարակել է հայկական ոգով, ուստի նրանք իրենց իսկական հայ են զգում: Նրանք «Իլայի գիրքը» ֆիլմի ռեժիսորներն են, որը հավաքած գումարով երկրորդն է «Ավատարից» հետո, որտեղ նկարահանվել է Դենզել Վաշինգտոնը, ինչպես նաև «Դժոխքից», «Ամերիկյան միջնորդ», «Մեռյալ նախագահներ» ֆիլմերի ռեժիսորներն են, որոնց պրեմիերաները կայացել են Կաննի կինոփառատոնում և ԱՄՆ-ում մեծ գումարներ են բերել»,- նշել է Հարություն Խաչատրյանը: Ռեժիսորի խոսքով, Ալլեն Հյուզը նախաձեռնեց մասնակցությունը «Ոսկե ծիրանին»: Նա Հայաստանում կներկայացնի «Իլայի գիրքը» ֆիլմը:
Հարություն Խաչատրյանն ընդգծել է նաև, որ փառատոնի հյուրերը կլինեն EuroNews ալիքի տնօրեն Ֆիլիպ Քայլը` ավելացնելով, որ EuroNews-ը Կաննի, Վենետիկի և Բեռլինի կինոփառատոների հետ հավասար լուսաբանել է «Ոսկե ծիրանը»: Փառատոն կայցելի նաև Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի ղեկավարը` Ֆիլիպ Քայլի կինը: Այստեղ նա կուսումնասիրի կինոյին առնչվող հայկական օրենքները: