1 հուլիսի 2010 - 13:46 AMT
Ցանկացած ադրբեջանցի զինվոր կարող է դառնալ Իլհամ Ալիևի քմահաճույքի զոհը

Ցանկացած ադրբեջանցի զինվոր կարող է դառնալ Իլհամ Ալիևի քմահաճույքի զոհը: Վերջին միջադեպը ցույց տվեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը քաղաքական նպատակներից ելնելով կարող է կրակի բերան ուղարկել իր լավագույն ստորաբաժանումները: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ Դավիթ Ջամալյանը: Ըստ նրա, այս հանգամանքը կարող է լուրջ անջրպետ առաջացնել զինվորների և հրամանատարության միջև:

«Չնայած նրան, որ մենք ծանր կորուստներ ունեցանք, այնուամենայնիվ, հայկական կողմը չզիջեց հենակետը, հարձակումն անսպասելի էր և չորս զոհը հայկական կողմից գուցե արդյունք էր այդ անսպասելի հարձակման: Բայց մենք կարողացանք կազմակերպվել և ձախողել ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունները»,-ասաց մասնագետը: Ըստ նրա, Ադրբեջանի սպառնալիքներն այսօր ավելի ակնհայտ են դառնում, բայց դա չի նշանակում, որ այս զարգացումները կարող են բերել պատերազմի վերսկսման: «Մենք ապրում ենք հրադադարի պայմաններում և նման գործողությունները միշտ էլ սպասելի են, ուստի, մենք ամեն պահի պետք է զգոն լինենք»,-ասաց Դավիթ Ջամալյանը: