2 հուլիսի 2010 - 13:33 AMT
Լարիսա Ալավերդյան. Մադրիդյան սկզբունքները պատասխանում են միայն խոշոր խաղացողների շահերին

«Ես առանձնակի փոփոխություններ չեմ տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կամ բուն ԵԱՀԿ ՄԽ դիրքորորոշումների մեջ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը` մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը: Ընդ որում նա դրական համարեց ակտիվ հանրային արձագանքն այդ հայտարարությանը: Ըստ նրա, դա վկայում է այն մասին, որ ղարաբաղյան հարցը մատչելի է դառնում բնակչության առավել լայն շրջանակների համար: «Մադրիդյան սկզբունքները ոչ հայամետ են, ոչ էլ ադրբեջանամետ, դրանք պատասխանում են միայն խոշոր խաղացողների շահերին»,-նշել է նա: Այդ համատեքստում գնահատելով Հայաստանի դիրքորոշումը, Ալավերդյանն ասել է, որ այն պասիվ-նահանջողական է: «Նահանջողական հռետորությունը խանգարում է հայ ժողովրդին և միջազգային հանրությանը հասկանալ, թե ինչ է ուզում հայկական կողմը»,-ասել է Լարիսա Ալավերդյանը:

Ընդ որում, նա նշել է, որ «Ժառանգություն» կուսակցությունը դեմ է Մադրիդյան սկզբունքների երեք հիմնական դրույթներին` Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքների վերադարձ, ԼՂՀ միջանկյալ կարգավիճակ անվտանգության և ինքնավարության երաշխիքով, միջանցք Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև:

Անդրադառնալով Ղարաբաղի տարածքwum խաղաղապահ ուժերի տեղակայմանը, Ալավերդյանն ասել է. «Փորձը ցույց տվեց, որ այն տարածքում, որտեղ խաղաղապահներ են գտնվում, արյուն է հեղվում»: Ընդ որում, նա հավելեց, որ 16 տարվա ընթացքում Ղարաբաղի պաշտպանության բանակը առանց կողմնակի միջնորդությաn բավականին լավ է պաշտպանում հրադադարի ռեժիմը: