3 հուլիսի 2010 - 17:12 AMT
Երևանը հռչակվել է 2012 թվականի Համաշխարհային գրքի մայրաքաղաք

ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ Երևանը հռչակվել է 2012 թվականի Համաշխարհային գրքի մայրաքաղաք: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ըստ նրա, 2012թ. ապրիլի 23-ից մինչև 2013թ. նույն օրը Երևանում կտիրի գրքի տոնահանդեսը: Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին` նա ասաց, որ այս միջոցառումը Երևանում անցկացնելու համար ներկայացվել է լուրջ փաթեթային ծրագիր : «Պայքարը թեժ էր և դժվար ընտրություններից հետո Երևանը հռչակվեց գրքի մայրաքաղաք»,-ասել է նախարարը:

Իր հերթին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը խոտացավ, որ մինչև 2012 թվականը քաղաքապետարանը կառավարության հետ համատեղ կանի հնարավորը մայրաքաղաքում գործող գրախանութների, գրադարանների և ընթերցասրահների բարեկարգման համար: «Մենք կանենք հնարավոր ամեն ինչ այս միջոցառումը ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար: Հայ ժողովուրդը միշտ էլ տարբերվել է գրքի հանդեպ իր վերաբերմունքով և այս միջոցառումը կօգնի մեր քաղաքացիների շրջանում բարձրացնել գրքի և գրականության հանդեպ հետաքրքրությունը»: