4 հուլիսի 2010 - 15:29 AMT
ՀՀ ԶՈՒ. Դիպուկահարներին հեռացնելը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկն է

Հուլիսի 1-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն հանդես է եկել հայտարարություններով, որտեղ նշել է, որ շփման գծից դիպուկահարներին հեռացնելու Երևանի նախաձեռնությունը «չի լուծի խնդիրը»: Այս առնչությամբ ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունն Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակին հիշեցնում է, որ դիպուկահարներին հեռացնելը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկն է, ինչին համաձայնել է հայկական կողմը` նշելով, որ դա իսկապես կարող է թուլացնել շփման գծում առկա լարվածությունը և նվազեցնել կորուստները:

«Ինչ վերաբերում է հրադադարի ռեժիմի խախտումների մասին Սաբիրօղլուի հայտարարությանը, ապա հերթական անգամ հայտնում ենք, որ հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խստորեն հետևում են հրադադարի պահպանմանը և պատասխան գործողությունների են դիմում միմիայն ի պատասխան հակառակորդի գնդակոծումներին: Ասվածի վառ ապացույցն է հունիսի 18-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի ներխուժումը, ինչի հետևանքով երկուստեք կան զոհեր և վիրավորներ:

Նշենք նաև, որ կառուցողական դիրքերից հանդես գալու փոխարեն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, պատերազմի սպառնալիքներով և ապատեղեկատվություն տարածելով, ինչը ոչ միայն չի նպաստում ԼՂ հակամարտության կարգավորմանը, այլև` պատճառ է դառնում իրադրության սրմանը հայ-ադրբեջանական շփման գծում», - ասվում է հայտարարությունում, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: