4 հուլիսի 2010 - 22:15 AMT
Հիլարի Քլինթոն. Ես շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանում

«Մենք շնորհավորում ենք Ամերիկայի ժողովրդին անկախության օրվա առթիվ: Անկախ Հայաստանի առաջին իսկ օրերից ԱՄՆ-ն եղել է մեր կողքին, և մենք գնահատում ենք այն ողջ ներդրումը, որը դուք ունեցել եք հայ-ամերիկյան կապերի զարգացման և ամրապնդման գործում»,- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Իր հերթին, Հիլարի Քլինթոնը նշել է, որ իր համար շատ ուրախալի է գտնվել Հայաստանում: «Այսօր ԱՄՆ-ն նշում է անկախության 234-րդ տարելիցը, և մենք գիտենք դրա գինը: Հայաստանը հարուստ պատմության և հեռանկարային ապագայի տեր երկիր է: Հայերը մեծ ներդրում են ունեցել Միացյալ Նահանգների զարգացման գործում, և ես վստահ եմ, որ մեր հետագա համագործակցությունն արդյունավետ կլինի»,- ընդգծել է Հիլարի Քլինթոնը, հավելելով, որ նա գոհ է նախագահ Սերժ Սարգսյանի ընդունելությունից և հատկապես տպավորիչ էր ԱՄՆ դրոշով մեծ տորթը:

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ հայկական կողմի հետ բանակցությունների ժամանակ քննարկվել են ժողովրդավարությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանի ու ԱՄՆ-ի հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: