4 հուլիսի 2010 - 22:52 AMT
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

Ղարաբաղյան կարգավորման սկզբունքները մնում են անփոփոխ և հիմնված են Հելսինկյան ակտի վրա. ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգի ինքնորոշման իրավունք: Այդ մասին Երևանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն պատրաստ է օգնել կողմերին հանգել խաղաղ համաձայնության: «Դա դժվար է, բայց` հասանելի: ԵԱՀԿ Մինսկի խումբը շատ ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ: Բացի համանախագահների վերջին հայտարարությունից, թե հայկական, թե ադրբեջանական կողմերն ընկալում են, որ այլ ուղի չկա: Սանկտ Պետերբուրգում ընթացել են շատ լուրջ բանակցություններ նախագահներ Սարգսյանի և Ալիևի միջև: Մենք առաջընթացի հույս ունենք», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Միաժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը բազմիցս անհանգստություն է հայտնել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու փորձի նկատմամբ: «Մենք ասել ենք երկու նախագահներին. ուժն անընդունելի է, և ԱՄՆ-ը, ինչպես և համանախագահները դատապարտում են վերջին միջադեպը, որի ընթացքում զինծառայողներ են մահացել: Մենք կոչ ենք անում կողմերին հետևել հրադադարի ռեժիմին: Այդ ռեժիմի խախտումը միայն հետաձգում է խաղաղ գործընթացը, որն այլընտրանք չունի»,- ընդգծել է Հիլարի Քլինթոնը:

Իր հերթին, ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ նալբանդյանը նշել է, որ հուլիսի 16-ին Աստանայում ոչ պաշտոնական գագաթնաժողովում բանակցություններ կընթանան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև: