5 հուլիսի 2010 - 13:13 AMT
Անդրանիկ Նիկողոսյան. Անհնար է գերագնահատել Սահմանադրության ընդունման պատմական նշանակությունը

Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը կենտրոնի անդամ հազարավոր երիտասարդների անունից շնորհավորել է Սահմանադրության օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Անհնար է գերագնահատել Սահմանադրության ընդունման պատմական նշանակությունը. այն չափազանց կարեւոր էր մեր նորանկախ հանրապետության համար, որը հնարավորություն տվեց կայացնել պետականությունը եւ ամուր հիմքեր նախապատրաստել Հայաստանի պետական եւ իրավական նոր համակարգի կառուցման համար: Սահմանադրությունն ամրագրում է այն իրողությունը, որ Հայաստանը ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն է: Այս վեհ արժեքների որդեգրումը պարտավորեցնում է մեզ ամենօրյա հետեւողական աշխատանք տանել դրանք պահպանելու եւ ամրապնդելու ուղղությամբ»:

Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը ստեղծվել է 2008թ. ապրիլին` նպատակ ունենալով միավորել հայ երիտասարդությանն ընդհանուր գաղափարների շուրջ: Լինելով քաղաքականապես անկախ` կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունն է երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Մինչ օրս կենտրոնն անց է կացրել մոտ 120 զանազան միջոցառումներ: