5 հուլիսի 2010 - 16:38 AMT
Սերգեյ Մինասյան. Պետքարտուղարը ևս մեկ անգամ հաստատեց ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ լուծման այլընտրանքի բացակայությունը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցի ամենակարևոր արդյունքներից մեկն այն է, որ նա բավական կոշտ արտահայտեց ԱՄՆ դիրքորոշումը ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ լուծման այլընտրանքի բացակայության մասին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Կովկասի Ինստիտուտի գիտության բաժնի տնօրեն Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքով, այդ հայտարարությունը կատարվեց ոչ այնքան Երևանի, որքան Բաքվի համար:

«ԱՄՆ պետքարտուղարն իր աջակցությունը հայտնեց նաև ղարաբաղյան կարգավորման սանկտպետերբուրգյան սկզբունքներին և Հայաստանի դիրքորոշմանը հայ-թուրքական հարաբերություններում: Ինչ վերաբերում է «օկուպացված տարածքներ» տերմինին և Ադրբեջանի հայտարարություններին այն մասին, որ Հայաստանն ագրեսոր երկիր է, ապա այստեղ ավելորդ չի լինի հիշեցնել ՄԱԿ բանաձևերը, որոնցում այդ տարածքներն անվանվում են «տեղական ինքնապաշտպանության ուժերի կողմից վերահսկվող տարածքներ», այսինքն` ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից»,- ընդգծել է Մինասյանը:

Նա գտնում է նաև, որ եթե Հայաստանն ընդունում է Սանկտ Պետերբուրգում մշակված առաջարկները, ապա դրանով իսկ հող է նախապատրաստում ԼՂՀ միջազգային ճանաչման համար: «Ակնհայտ է, որ առաջարկվող հանրաքվեի արդյունքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարտահայտվի Ադրբեջանից անկախ լինելու օգտին, և վերջինս ստիպված կլինի հաշտվել անկախ Արցախի Հանրապետության գոյության հետ»,- ասել է Մինասյանը: