7 հուլիսի 2010 - 13:14 AMT
Էդուարդ Շարմազանով. Ալիևը կարող է դառնալ «հեքիաթասաց» նոր անվանակարգի հավակնորդ

«Մի քանի էջանոց ձանձրացնող ելույթից պարզ է դառնում, որ Ադրբեջանի սուլթանը փաստերը կեղծելու և սուտը ճշտի տեղ անցկացնելու իր ունակությամբ շուտով աշխարհում նոր անվանակարգ կսահմանի հեքիաթասացության բնագավառում: Միայն թե սուլթան Ալիևի հեքիաթները ոչ մեկին պետք չեն. դրանք անփառունակ են, ինչպես իր նախորդների հայտարարությունները»,- հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքերով, Ալիևը, խոսելով ինքն իր հետ, չի ցանկանում հասկանալ, որ ԵԱՀԿ ՄԽ առաջարկներում հստակ նշված է, որ հենց ԼՂՀ ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը:

«Արցախյան հակամարտության վերաբերյալ նրա սուտն առավել քան բացահայտ է դառնում, երբ նա նշում է, որ հայերը Արցախ են եկել 19-րդ դարի սկզբին: Չցանկանալով հղում անել ոչ միայն հայ, այլ նաև աշխարհահռչակ օտարազգի պատմիչներին, ձախողված և անգրագետ դիվանագետին ընդամենը խորհուրդ կտայի Հռոմ այցելելիս նեղություն կրել և դիտել Ֆորումի պատին քանդակված հին աշխարհի քարտեզը, որտեղ «Արմենիա» երկրի սահմաններում նշված է նաև պատմական Արցախը:

«Հեքիաթասաց» Ալիևին հիշեցնեմ, որ իր հայրենի Ադրբեջանը որպես պետություն ձևավորվել է դրանից մոտ 2 հազարամյակ անց», - ասել է Շարմազանովը: