7 հուլիսի 2010 - 13:25 AMT
Ալեքսանդր Իսկանդարյան. Թուրքիան հասկանում է, որ սահմանը չի կարող հավերժ փակ մնալ

Թուրքիայում սահմանի բացմանը վերաբերվում են որպես իրական հեռանկարի, սակայն դա դեռ չի նշանակում, որ այս տարի կամ հաջորդ տարի սահմանը հարյուր տոկոսով կբացվի: Այս մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանրդ Իսկանդարյանը` մեկնաբանելով Թուրքիայի ՆԳՆ հարցումը Կարսի նահանգապետին`հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ: Ըստ քաղաքագետի, Թուրքիան ևս հասկանում է, որ սահմանը չի կարող հավերժ փակ մնալ և բացման գործընթացն այլևս հնարավոր չի լինի կասեցնել: Նա չբացառեց նաև այն հնարավորությունը, որ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել նույնիսկ առանց արձանագրությունների վավերացման: Սակայն սահմանները տարբեր կերպ են բացվում: Կարող են լինել սահմանը բացելու տարբերակներ`միայն հետիոտնի, միայն բեռների, միայն տրսնապորտի համար:

Ինչպես նշել է Ալեքսանդր Իսկանդարյանը, մինչ Թուրքիայում կայանալիք ընտրությունները շատ քիչ ժամանակ է մնացել և թուրքական իշխանություններն, անշուշտ, կքննադատեն այս գործընթացը, սակայն, միևնույն ժամանակ, պետք է ցույց տան աշխարհին, որ հայ-թուրքական գործընթացը «չի վախճանվել»: «Ես չեմ բացառում, որ սահմանի ռեժիմում ինչ-որ ազատականացում կարող է լինել»,-ասել է քաղաքագետը: