Հոլանդիայի հավաքականը 32 տարվա ընթացքում առաջին անգամ դուրս եկավ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ: Սա չեմպիոնական տիտղոսը նվաճելու հոլանդացիների երրորդ փորձն է:
Աշխարհի 19-րդ առաջնության կիսաեզրափակչում եզրափակչի ուղեգիր նվաճելու համար Հոլանդիայի հավաքականը հանդիպեց Ուրուգվայի հավաքականին: Խաղը կայացավ հուլիսի 6-ին «Գրին փոյնթ» մարզադաշտում:
Արդեն 18-րդ րոպեին հոլանդացի Վան Բրոնկհորսթի հարվածից գնդակը հայտնվեց հակառակորդի դարպասում: Ուրուգվայցիները միայն առաջին խաղակեսի վերջին հավասարեցրին խաղի հաշիվը, 41-րդ րոպեին Դիեգո Ֆորլանը կրկին հեռահար գոլով գրավեց Մարտեն Սթեքելենբուրգի դարպասը:
Երկրորդ խաղակեսն ակտիվ սկսեցին Ուրուգվայի հավաքկանի ֆուտբոլիստները, բայց հաջողության հասան հոլանդացիները: 70-րդ րոպեին մրցավարը հաշվեց Ուեսլի Սնեյդերի գոլը, չնայած նրան, որ նրա թիմակից Վան Պերսին խաղից դուրս վիճակում էր: 3 րոպեից Արիեն Ռոբենը հաշիվը դարձրեց 3:1:
Ուրուգվայի հավաքականը լրացուցիչ րոպեին կրճատեց խաղի հաշիվը: Խաղն ավարտվեց 2:3 հաշվով:
Եզրափակչի վերջին մասնակիցը հայտնի կդառնա հուլիսի 7-ին Գերմանիա-Իսպանիա խաղից հետո: