«Ոսկե ծիրանի» մեկնարկից առաջ ամփոփիչ մամլո ասուլիսը նվիրված էր համագործակցությանը դեսպանատների և միջազգային կազմակերպությունների հետ: Մամլո ասուլիսին ներկա էին փառատոնի հետ համագործակցող Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի դեսպանատների, ինչպես նաև Բրիտանական խորհրդի ու ԵՄ-ի ներկայացուցիչներ:
Այս տարի կինոփառատոնը սկսում է համագործակցել նաև Բրազիլիայի դեսպանատան հետ: Բրազիլիայի դեսպանատան մշակութային հարցերով կցորդ Ֆլորիանո Ռեգիսը հայտնեց, որ Բրազիլիան փաստագրական ֆիլմ կներկայացնի, իսկ Բրազիլիայի հայ համայնքը, իր հերթին, կներկայացնի իր ֆիլմերը: Փառատոնի հյուրը կլինի բրազիլահայ կինոքննադատ, գրող և ռեժիսոր Լեոն Կակովը (Շատարևյան), որը 1977թ. հիմնեց Սան Պաուլոյի միջազգային կինոփառատոնը:
Ֆրանսիական դեսպանատան աջակցությամբ կկազմակերպվի Անրի Վերնոյի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Փառատոնը կբացի նրա հանրահայտ «Մայրիկ» ֆիլմը:
Գերմանիան կներկայացնի 3 փաստագրական ֆիլմ` «Փոթորիկ», «Կինն ու հինգ փղերը», «Սպիտակ ժապավեն» (այս ֆիլմն արժանացել է «Օսկարի»): Իր ֆիլմերը կներկայացնի նաև գերմանացի ռեժիսոր, ազգությամբ թուրք Ֆաթիհ Ակինը:
Լեհաստանը կներկայացնի լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին:
«Ոսկե ծիրանի» կազմակերպիչներն անակնկալներ են խոստանում կինոսիրողներին: