7 հուլիսի 2010 - 19:54 AMT
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հուլիսի 16-ին կհանդիպեն Ալմաթիում

Ալմաթիում հուլիսի 16-17-ին տեղի ունենալիք ԵԱՀԿ ԱԳՆԽ ոչ ֆորմալ գագաթաժողովի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում: Հանդիպումը նախապատրաստում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Բանակցություններն անցկացվելու են ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաևի մասնակցությամբ:

ԵԱՀԿ մամլո ծառայությունը հայտնում է, որ գագաթաժողովում ի մի են բերվելու Կորֆուի գործընթացի շրջանակներում եվրոպական անվտանգության վերաբերյալ համընդգրկուն երկխոսության արդյունքները, քննարկվելու են ԵԱՀԿ պատասխանատվության ներքո գտնվող տարածքներում համագործակցության այժմեական հարցեր նաև որոշվելու է այս տարի ԵԱՀԿ մասնակից-երկրների նախագահների ու կառավարությունների ղեկավարների հանդիպման նախապատրաստման ծրագիրը: Գագաթաժողովին մասնակցելու են 40 նախարարներ: