7 հուլիսի 2010 - 20:22 AMT
ՌԴ ԱԳՆ-ն Հիլարի Քլինթոնին մեղադրել է ոչ օբյեկտիվ լինելու մեջ

Ռուսաստանի ԱԳՆ-ում ուշադրություն են դարձրել հուլիսի 5-ին Թբիլիսիում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կատարած հայտարարություններին այն մասին, որ ԱՄՆ-ն, իբր, չի հաշտվի «Վրաստանի տարածքի ռուսական օկուպացիայի» հետ և պայքարելու է այդ տարածքի «օկուպացիան վերացնելու» համար:

«Միջազգային իրավունքում օկուպացիա է կոչվում մի պետության զորքերի ժամանակավոր գտնվելը մեկ այլ պետության տարածքում նրանց միջև պատերազմի պայմաններում: Ընդ որում, օկուպացված տարածքում իշխանությունն իրականացվում է օկուպացնող պետության ռազմական հրամանատարությա կողմից: Այդպիսով, պետքարտուղար Քլինթոնի կողմից «օկուպացիա» տերմինի օգտագործումը նշված համատեքստում ոչ մի հիմնավորում չունի: Վրաստանի տարածքում ոչ մի ռուս զինծառայող չկա: Տարածաշրջանում ռուսական ռազմական հավաքակազմեր կան, բայց դրանք գտնվում են Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի տարածքում, որոնք առանձնացել են Վրաստանից Սահակաշվիլիի ծավալած ագրեսիայի արդյունքում: Ընդ որում, Աբխազիայում ու Հարավային Օսեթիայում լիարժեք գործում են ժողովրդավարական ճանապարհով ձևավորված սեփական օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները, ակտիվ աշխատում են քաղաքական կուսակցությունները: Ռուսական ռազմական հավաքակազմերն ու կայանները երկու հանրապետությունների տարածքներում տեղակայված են երկկողմ միջպետական համաձայնագրերի հիման վրա` միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Ակնկալում ենք, որ մեր գործընկերները հաշվի կառնեն այս օբյեկտիվ իրողությունն իրենց հրապարակային ու պրակտիկ գործունեության մեջ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: