8 հուլիսի 2010 - 16:25 AMT
Պիտեր Սեմնեբի. Ղարաբաղյան հակամարտությունն առանձնահատուկ մտահոգություն է առաջ բերում ԵՄ-ում

Հարավային Կովկասը շարունակում է անկայուն տարածաշրջան մնալ, և միջազգային հանրությունը պետք է շարունակի աջակցություն ցուցաբերել, մասնավորապես, հակամարտությունների կարգավորմանն ու ժողովրդավարական բարեփոխումների առաջխաղացմանը: Այդ մասին, ելույթ ունենալով Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում, հայտնել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: «Միջազգային հանրությունը պետք է պահպանի ներկայությունն այդ տարածաշրջանում»,- ասել է Պիտեր Սեմնեբին: ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է հակամարտությունների կարգավորման և ժողովրդավարության առաջխաղացման ու օրենքի գերակայության ուղղությամբ Բրյուսելի ջանքերին:

Պիտեր Սեմնեբին ընդգծել է, որ չլուծված հակամարտությունները մնում են տարածաշրջանում կայունության գլխավոր սպառնալիքը և իրավիճակի բորբոքման ռիսկ են պարունակում: «Դրա ականատեսը եղանք 2008 թվականի օգոստոսին` Վրաստանում տեղի ունեցած պատերազմի ժամանակ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն առանձնահատուկ մտահոգություն է առաջ բերում, քանի որ շփման գծում մահացու ելքով միջադեպերը կրկնվում են: Երկարաձգված հակամարտությունները ձախողում են արևելյան երկրներում բարեփոխումներին ու տնտեսական զարգացմանն աջակցելու ԵՄ ջանքերը»,- հայտնել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը: