9 հուլիսի 2010 - 16:56 AMT
Ազգային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում ֆրանսալեզու գրող Դընի Դոնիկյանի հետ

Հուլիսի 9-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի ունեցավ հանդիպում ֆրանսալեզու գրող և արվեստասեր Դընի Դոնիկյանի հետ: Դ.Դոնիկյանը գեղարվեստի իր գործերում միավորում է գրականությունը և կերպարվեստը, որի վկայություններն են իր մի քանի գրքերը, ինչպես, օրինակ` «Այլ երկիրը մեր», «Ինքնակենսագրասյուն», «Պատառիկներ քաղաքացիամերժ կերպարներից՚ (Fragments de figures apatrides), որոնց մեջ միախառնված են քանդակագործությունը, նկարչությունը, գրառումը: Նրա գրական գործերը հիբրիդ կարելի է համարել, այն իմաստով, որ չեն պատկանում մինչև այժմ սահմանված գեղարվեստի տեսակներից միմիայն մեկին: Հեղինակը փորձում է ընդգրկել միանգամից գրական տարբեր ժանրեր:

Հայերենից ֆրանսերեն կատարված թարգմանությունների ցանկում կարդում ենք հետևյալ անունները. Հովհաննես Թումանյան («Քառյակներ»), Պարույր Սևակ («Եղիցի լույս»), Վիոլետ Գրիգորյան, Մարինե Պետրոսյան, Արփի Ոսկանյան, արձակագիրªՎահրամ Մարտիրոսյան («Սողանք»): Թարգմանել է նաև անգլերենից Արա Բալիոզյանի խոհերը (համաթարգմանությամբ), հետևյալ վերնագրով` «Pertinentes impertinences»:

Բազմաթիվ գրքեր է հրատարակել Հայաստանի մասին, վկայակոչելով քառասուն տարվա վաղեմություն ունեցող այցելություններից քաղած տպավորությունները: Ինչպես նաև սփյուռքի մասին, որ պայքարում է թուրքական պետության ժխտողականության դեմ: Երկար տարիներ ինտերնետում ձեռնարկել է գրական մի շարք, որն անվանել է Հայկական ցեղասպանության փոքր հանրագիտարան. Մասնակցություն է հանդես բերել ցեղասպանությունը ճանաչելու գործում Հայագիտական ուսմանց կենտրոնի կազմում, հանդիսանալով առաջին կազմակերպությունը, որ 60-ական թվականներին ապրիլի 24-ը հռչակեց հիշատակման օր: Այսօր նա մասնակցում է, այսպես ասած, հայ-թուրքական երկխոսությանը: Դ.Դոնիկյանը առաջինն էր, որ Փարիզում Կոմիտասի հիշատակին նվիրված հուշարձանին ծաղիկ դրեց ազգությամբ թուրք մի ֆրանսիացու հետ: Այդ փորձը ամեն տարի կրկնվում է, հաղորդում է Ազգային գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժինը: