13 հուլիսի 2010 - 16:43 AMT
Սերժ Ավեդիքյան. Ներկայացնելով «Շների կղզին» Կաննի կինոփառատոնում` ես որոշեցի. կամ այն կհաղթի, կամ էլ ուշադրության չի արժանանա

«Ներկայացնելով «Շների կղզին» անիմացիոն ֆիլմը Կաննի կինոփառատոնում` ես որոշեցի. կամ այն կհաղթի, կամ էլ ուշադրության չի արժանանա»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը: Նրա խոսքով, մրցութային ծրագրում ներկայացված մյուս ֆիլմերը շատ էին տարբերվում իր ֆիլմից: «Մնացած ֆիլմերը շատ ուժեղ էին, թեմայով մոտ, դրանք հիմնականում բացահայտում էին աղքատության ու դաժանության թեման: Դրանք ֆիլմեր էին Հարավային Ամերիկայից` Բրազիլիայից, Չիլիից և այլ երկրներից: Իմ ֆիլմը դրանցից տարբերվում էր նրանով, որ հիմնված է պատմական փաստերի վրա: Դա վայրի, բայց միևնույն ժամանակ էսթետիկապես շատ ուժեղ ֆիլմ է: Ես ջանում էի, որպեսզի այդ վայրենությունը չշեղեր հանդիսատեսին»,- նշել է Ավեդիքյանը: Նա ավելացրել է նաև, որ իր ֆիլմն ամենահասունն էր ներկայացվածներից, «քանի որ ես բոլոր ռեժիսորներից ամենահասունն էի: Ես նրանցից 10-15 տարով մեծ էի»: Ավեդիքյանը նաև ընդգծել է` քանի որ Ատոմ Էգոյանը Կաննի փառատոնում ժյուրիի նախագահն էր, ապա նա պետք է կամ լռելյայն ունկնդրեր և ընդուներ ժյուրիի մյուս անդամների կարծիքը, կամ էլ ուժերի ներածի չափով պաշտպաներ «Շների կղզին», եթե ֆիլմն իսկապես դուր եկած լիներ իրեն: «Սակայն ավելի ուշ Էգոյանն ասաց, որ ժյուրին միաձայն էր հաղթողին ընտրելիս, և ինքը ստիպված չեղավ որևէ բան ասել»,- նշել է Սերժ Ավեդիքյանը: