Հայտնի դարձան «Փյունիկ» և «Միկա» ակումբների մասնակցությամբ եվրագավաթների պատասխան հանդիպումների մրցավարական անձնակազմերը:
Չեմպիոնների լիգայի երկրորդ որակավորման փուլի «Փյունիկ» - «Պարտիզան» պատասխան հանդիպումը կսպասարկի Լեհաստանի մրցավարական անձնակազմը` Մարչին Բորսկու գլխավորությամբ: Մրցավարի օգնականները կլինեն Ռաֆալ Ռոստկովսկին և Թոմաշ Լիստկևիչը, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:
«Փյունիկ» - «Պարտիզան» հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին` ժամը 21:00-ին, Երևանում` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Եվրոպայի Լիգայի երկրորդ որակավորման փուլի «Միկա» - «Ռաբոտնիչկի» պատասխան հանդիպման մրցավարը կլինի Ռադեկ Պրիհոդան: Նրան կօգնեն Էմիլ Ուբիաշը և Կրիստոֆ Մենչլը: 4-րդ պաշտոնյա է նշանակվել Իրժի Յեխը: Մրցավարական անձնակազմը ներկայացնում է Չեխիան: «Միկա» - «Ռաբոտնիչկի» հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին`ժամը 18:00-ին, Երևանում` «Միկա» մարզադաշտում:
Իսկ Հայաստանի մրցավարական անձնակազմը` Արման Ամիրխանյանի գլխավորությամբ, կսպասարկի Եվրոպայի Լիգայի երկրորդ որակավորման փուլի «Բանգոր Սիթի» (Ուելս) - «Հոնկա» (Ֆինլանդիա) պատասխան հանդիպումը: Ամիրխանյանին կօգնեն Զավեն Հովհաննիսյանն ու Արթուր Մուրադյանը: 4-րդ պաշտոնյա է նշանակվել Սուրեն Բալիյանը: Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 22-ին Ուելսում` Ռեքսեմ քաղաքում: