13 հուլիսի 2010 - 17:31 AMT
Լևոն Արոնյան. Եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես ծրագրել եմ, և ես օգտագործեմ լավագույն որակներս, կարծում եմ` կարող եմ աշխարհի չեմպիոն դառնալ

Շախմատի կրկնակի Օլիմպիական չեմպիոն, 2005 թվականի Աշխարհի գավաթակիր, Լինարեսի (2006) և Վեյք-ան-Զեեի (2007, 2008) սուպերառաջնությունների և Գրան-պրի ՖԻԴԵ-ի հաղթող, գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հայաստանում էր գտնվում: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նա ասել է, որ այս տարի 2 խոշոր առաջնության է մասնակցելու:

«Ես արդեն պատրաստվում եմ Chess Classic Mainz ամենամյա փառատոնին, որին մասնակցում եմ ամեն տարի: Իսկ արդեն աշնանը հավաքականի հետ միասին ելույթ կունենամ Օլիմպիադայում: Օլիմպիադան մեր բոլորիս համար շատ կարևոր է, մենք ջանում ենք պահպանել մեր արդյունքը»,- ասել է շախմատիստը: Արոնյանի խոսքով, ինքը դեռևս չի գտել իր ոճը: «Ես միշտ ավելի լավ եմ հիշում պարտված պարտիաները, քանի որ հաղթանակի դեպքում ես հասնում եմ դրված նպատակին»,- նշել է հայ շախմատիստը:

Նա հավատում է, որ կարող է աշխարհի չեմպիոն դառնալ, քանի որ երբ 20 տարեկանում նվաճեց երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը, հասկացավ, որ շախմատն իր կյանքն է, և ինքը պետք է որքան հնարավոր է մեծ հաջողության հասնի:

«Եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես ծրագրել եմ, և ես օգտագործեմ լավագույն որակներս, կարծում եմ` կարող եմ իրականացնել իմ երազանքը»,- ընդգծել է Արոնյանը: