13 հուլիսի 2010 - 19:29 AMT
Ամերիաբանկը ներգրավեց 9 մլն ԱՄՆ դոլար` «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի համար

Ամերիաբանկը` որպես ներդրումային բանկ, միջազգային կառույցներից հաջողությամբ ներգրավեց ֆինանսական միջոցներ` «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի շինարարական աշխատանքների ֆինանսավորման նպատակով: Ինչպես հաղորդում է Ամերիաբանկի մամլո ծառայությունը, բանկը, հանդես գալով որպես ֆինանսական և իրավական խորհրդատու, այդ գործընթացի համար ապահովեց անհրաժեշտ ֆինանսական մոդելների մշակումը, խորհրդատվական ծառայությունների մատուցումը, բանակցությունների վարումն ու պայմանագրերի կնքումը և այլ հարակից աշխատանքների կատարումը:

Վարկային ծրագիրն իրենից ներկայացնում է երկարաժամկետ, մեծածավալ միջոցների ներգրավում Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայից (IFC) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ): Նշված միջոցները, որոնք կազմում են 9 մլն ԱՄՆ դոլար, Ամերիաբանկը ներգրավել է հայաստանյան շուկայում գործող սակագներից զգալիորեն ցածր տոկոսադրույքով:

Այս ֆինանսավորումը «Էլիտ Գրուպ»-ին հնարավորություն կընձեռի ավարտին հասցնելու «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի շինարարական աշխատանքները: Վերջինս դասակարգվում է որպես բարձրակարգ բիզնես-կենտրոն` ժամանակակից ճարտարապետական և նախագծային լուծումներով: