14 հուլիսի 2010 - 15:15 AMT
«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում տրամադրվել է 100 վարկ 1 մլրդ դրամի չափով

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման ընթացքը և հետագա անելիքները։ Զեկույցներով հանդես են եկել ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը։

Ծրագրի շրջանակներում տրամադրվել է շուրջ 100 վարկ մոտ 1 մլրդ դրամի չափով։ Վարկերի շուրջ 80 տոկոսը տրամադրվել է Երևան քաղաքում, իսկ 20 տոկոսը` մարզերում։

Ընդհանուր առմամբ բավարար գնահատելով ծրագրի իրականացման ընթացքը` Տիգրան Սարգսյանը մատնանշել է մարզերում երիտասարդ ընտանիքների կողմից վարկերից օգտվելու ցածր ցուցանիշը։ Ընդգծելով տարածքային համաչափ զարգացման կարևորությունը` կառավարության ղեկավարը հանձնարարել է ֆինանսների նախարարությանը մարզերում բնակվող երիտասարդ ընտանիքների համար օգոստոս ամսվա ընթացքում պատրաստել 2010 թ. հունվարի 29-ին կառավարության հաստատած հիշյալ պիլոտային ծրագրի պայմանների փոփոխման մասին որոշման նախագիծ, իսկ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը` մարզերում ակտիվացնել հանրային իրազեկման գործընթացը։

Ամփոփելով ծրագրի իրականացման ընթացքն ու զարգացման միտումները, ինչպես նաև առկա պահանջարկը` նշվել է, որ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրով նախատեսված 3 մլրդ դրամը մինչև տարեվերջ կիրացվի ամբողջ ծավալով, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։