15 հուլիսի 2010 - 14:20 AMT
Հայ պատմաբանները գրանցել են 20 հայկական աղյուսաշեն եկեղեցի Թեհրանից դեպի հարավ ընկած տարածքում

Պատմական հայկական գաղութների ուսումնասիրության շրջանակներում Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության արշավախումբը հետազոտել է Թեհրանից դեպի հարավ ընկած մինչև Նոր Ջուղա ու Շիրազ 100 գյուղերի հայկական հուշարձանները: Ըստ գործակալության ղեկավար Սամվել Կարապետյանի, այդ տարածքներում պահպանվել է շուրջ 20 աղյուսաշեն հայկական եկեղեցի:

«Որպես շինանյութ այստեղ հիմնականում օգտագործվել է աղյուսը, քանի որ քարն այնքան էլ տարածված չէ այդ վայրերում: Ընդ որում, օգտագործվել է չմշակված աղյուս, որը ժամանակի հետ քանդվում է և փոշիանում»,-ասել է Սամվել Կարապետյանը: Ըստ նրա, շուրջ մեկ ամիս տևած գիտարշավի նպատակն էր որոշել հետագա հետազոտությունների ծավալները:

«Շատ ափսոսում եմ, որ այստեղ ևս մենք չափազանց պասիվ ենք և անտարբեր մեր ժառանգության հանդեպ, նկատի ունեմ ինչպես իրանահայ համայնքն, այնպես էլ բուն Հայաստանը: Մենք կորցրեցինք գյուղերի հին հայկական գերեզմանոցները, այդ տարածքն ազատվեց ցանքատարածությունների համար 1946թ. հայերի հայրենադարձությունից հետո»,-ասել է Կարապետյանը:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Իրանի մշակութային հուշարձանների պահպանման վարչությունը բավական մեծ ուշադրություն է դարձնում հայկական ճարտարապետության հուշարձաններին: Այդպես, 19-րդ դարի երկրորդ կեսի մի քանի պահպանվող հայկական գերեզմանոցների հարևանությամբ տեղադրվել են տեղեկատվական վահանակներ անգլերեն և պարսկերեն լեզուներով, այն մասին, որ դա հայկական քրիստոնեական գերեզմանոց է: Նա նաև նշել է, որ վերջին տարիներին բազում հայկական եկեղեցիներ են վերանորոգվել պետական ֆինանսավորման հաշվին: