16 հուլիսի 2010 - 14:17 AMT
ՆԱՏՕ-ն գոհ է ՀՀ-ՆԱՏՕ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքից

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում դրական առաջընթաց է գրանցվել: Սա ամրագրվել է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի կատարման վերաբերյալ ՆԱՏՕ-ի` մայիսին հրապարակված զեկույցում:

Զեկույցը հուլիսի 16-ին քննարկվել է համանուն միջգերատեսչական հանձնաժողովի 5-րդ նիստում, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նա գոհունակությամբ արձանագրել է, որ փաստաթղթում մատնանշվում է բազմաթիվ ուղղություններով բարեփոխումների իրականացումը Հայաստանում. «Կարեւոր են հատկապես` պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացում իրականացված բարեփոխումներին ՆԱՏՕ-ի տված գնահատականները, որոնք վկայում են, որ մեր զինված ուժերը գտնվում են միջազգային չափանիշներին համապատասխան բարեփոխումների փուլում: Դա չափազանց կարեւոր է մեր երկրի համար, քանի որ բարձրացնում է մեր զինված ուժերի մարտունակությունը, մեր երկրի անվտանգության մակարդակը: Ուզում եմ մատնանշել զեկույցի հատկապես` այն շեշտադրումները, որտեղ նշվում է, որ Հայաստանը առաջընթաց է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում, որի արդյունքում մեծացել է պետական պաշտոնյաների կոռուպցիոն գործունեությանն առնչվող դատական հետապնդումների քանակը, բարելավումներ են նկատվում պետական կառավարման ոլորտում հակակոռուպցիոն գործունեությանն առնչվող խնդիրներում, բարեփոխումներ կան մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական համակարգերում: Մենք կարողացանք մշակել նաեւ ոստիկանության ոլորտում բարեփոխումնեի ծրագիրը, եւ վստահ եմ, որ հասարակական կարգի ամրապնդման ուղղությամբ եւս լավ արդյունքներ կունենանք»:

Արթուր Բաղդասարյանի խոսքով` զեկույցում մատնանշվել են նաեւ խնդիրներ, որոնք պետք է վերացնել կարճ ժամանակահատվածում:

Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները ներկայացրել են ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի 2010 թվականի երկրորդ եռամսյակի միջոցառումների կատարման ընթացքը:

Նիստում քննարկվել են նաեւ 2010 թվականի սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք «Հայաստան-2010» աղետների արձագանքման զորավարժության նախապատրաստման հետ կապված հարցեր, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը: