16 հուլիսի 2010 - 16:06 AMT
ԱՄՆ-ն վստահ է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալ Սելեսթ Վոլանդերին: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ համագործակցության խորացմամբ, ինչը ոչ միայն բխում է մեր երկրի շահերից, այլեւ կարեւոր ներդրում կարող է ունենալ ամբողջ տարածաշրջանի անվտանգության ու կայունության ամրապնդման գործում:

Անդրադառնալով միջազգային հանրության կողմից իրականացվող խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությանը, ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել միջազգային խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցության համար: Երկուստեք ընդգծվել է, որ դա ոչ միայն մեծ ներդրում է միջազգային հանրության կողմից իրականացվող գործողություններին, այլեւ նպաստում է ՀՀ զինված ուժերի մարտունակության աճին: Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում` ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա փուլի վերաբերող հարցեր: Տիկին Վոլանդերն ընդգծել է, որ ռազմական ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության մասին Միացյալ Նահանգներն իր դիքորոշումն արտահայտում է բոլոր մակարդակներում եւ ԱՄՆ-ը վստահ է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Հանդիպմանը կարեւորվել է պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցության հետագա ամրապնդումը եւ ԱՄՆ աջակցությունը`ՀՀ զինված ուժերի արդիականացման ու բարեփոխման գործում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: