19 հուլիսի 2010 - 16:50 AMT
Ազատ առևտրի գոտու ստեղծումը կապահովի Հայաստանի խորը ինտեգրումը եվրոպական շուկա

Հայաստանի ու ԵՄ միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումը թույլ կտա ապահովել Հայաստանի խորը և համապարփակ տնտեսական ինտեգրումը եվրոպական շուկա: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Եվրոպական հանձնաժողովի արտաքին կապերի գծով գլխավոր տնօրինության տնօրեն Գուննար Վիգանդը: Նրա խոսքով, Հայաստանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծումը նախատեսում է, որ հայկական կողմը պետք է տնտեսական ստանդարտները համապատասխանեցնի եվրոպական շուկայի չափանիշներին: «Ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունները Հայաստանի ու ԵՄ միջև Ասոցատիվ համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների մասն են կազմում: Մենք համագործակցում ենք Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հետ և հայկական կողմի ակտիվ քայլերն ենք ակնկալում»,- ասել է Գուննար Վիգանդը: