20 հուլիսի 2010 - 15:29 AMT
Վաչե Տերտերյան. Համայնքների աշխատավարձերի ու սոցվճարների կուտակված պարտքն ամբողջությամբ կմարվի 2011 թվականին

Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ համայնքների աշխատավարձի ու սոցվճարների գծով կուտակված պարտքը դեռևս լիովին մարված չէ, այնուամենայնիվ, զգալի մասն արդեն վճարված է: Այդ մասին հուլիսի 20-ին ՀՀ կառավարության մամլո կենտրոնում հաղորդել է Հայաստանի տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: «Հարկ է նշել, որ արդեն 2008 թվականից ի վեր պարտքը կրճատվում է և հուլիսի 15-ի դրությամբ այն կազմում է 590,374 մլն դրամ.,-ասել է նա:

Վաչե Տերտերյանը հավաստիացրել է, որ մինչև տարեվերջ կվճարվի շուրջ 250 մլն դրամ, իսկ մնացած մասը` 2011 թվականին, ինչը «թույլ կտա ամբողջությամբ մարել այդ պարտքերը»:

Ըստ մարզպետարանների ներկայացրած պաշտոնական տվյալների, 2008թ. հունվարի 1-ի դրությամբ համայնքների աշխատավարձի և սոցվճարումների գծով կուտակված պարտքերը կազմել են 2,3 մլրդ դրամ: Մինչև 2010 թվականի հունվարի 1-ը պարտքը մարվել է 1,5 մլրդ դրամի չափով: