20 հուլիսի 2010 - 17:53 AMT
ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումների 2011թ. զորավարժությունները, հավանաբար, տեղի կունենան Հայաստանում

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հունիսյան նստաշրջանի միջոցառումների ծրագիրն իրագործվում է ըստ սահմանված ժամանակացույցի, Հայաստանի մասով միջոցառումները կատարվել են ամբողջությամբ: Սա փաստել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հուլիսի 20-ին Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակության հետ խորհրդակցությունների ընթացքում:

Կողմերը քննարկել են օգոստոսին Երեւանում կայանալիք ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի օրակարգի հետ կապված հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումները ժամանակակից զինտեխնիկայով ապահովելու խնդրին: Քննարկվել է նաեւ նշված ստորաբաժանումների զորավարժությունները 2011 թվականին Հայաստանում անցկացնելու հարցը:

Մամուլի ասուլիսում Նիկոլայ Բորդյուժան նշել է. «ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումների զորավարժությունները ծրագրում ենք անցկացնել հաջորդ տարի։ Առաջարկ կա զորավարժություններն անցկացնել Հայաստանում։ Կարծում եմ`դա միանգամայն իրական է»: Ամփոփելով եռօրյա այցի արդյունքները` Նիկոլայ Բորդյուժան նշել է, որ ՀԱՊԿ շրջանակում ռազմատեխնիկական համագործակցությունն առաջնահերթություն է համարվում, ուստի իրականացվելիք պիլոտային ծրագիրը` Հայաստանում համատեղ ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների ստեղծումը, թերեւս լավ արդյունքներ է ենթադրում: «Մեր ձեռնարկությունների ղեկավարները ծանոթացան Հայաստանի ձեռնարկությունների հնարավորություններին, հուսով եմ` մոտ ապագայում կունենանք դրական արդյունքներ»,-ասել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը:

«Առաջին անգամ ռուսական ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների` նման ներկայացուցչական պատվիրակություն է ժամանել Հայաստան: Ռուս ձեռնարկատերերի կողմից համագործակցություն սկսելու

տրամադրվածություն կա: Մոտ ապագայում սպասում ենք գործնական արդյունքների»,-ամփոփել է Արթուր Բաղդասարյանը, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը: