21 հուլիսի 2010 - 17:10 AMT
Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք եկեղեցական արարողությունը Թուրքիայի հերթական շոուն է

Եկեղեցական արարողությունը, որը կայանալու է սեպտեմբերի 19-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում, Թուրքիայի հերթական շոուն է: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը: Նա հավելեց, որ թուրքական իշխանությունները, որ մինչ օրս խաչ չեն տեղադրել եկեղեցու գմբեթին, շարունակում են խախտել 1923թ. Լոզանի պայմանագրի դրույթները:

«X դարի Սուրբ Առաքելոց հայկական եկեղեցին վերածվել է մզկիթի: Ես կգերադասեի, որ Սուրբ Խաչում արարողություն արտոնելու փոխարեն, թուրքական իշխանությունները վերանորոգեին այդ եկեղեցին»,-ասել է Դեմոյանը: Նա նշեց, որ ճիշտ կլինի հայկական կողմից պաշտոնական պատվիրակություն չգործուղել Սուրբ Խաչ եկեղեցու արարողությանը մասնակցելու նպատակով: