22 հուլիսի 2010 - 14:10 AMT
Շիրակ Թորոսյան. Վրաստանը ցանկանում է ձերբազատվել հայկական գործոնից Ջավախքում

Վրաստանի իշխանությունները, ելնելով Վրաստանից Հայաստանի հաղորդակցային կախվածությունից, հակահայկական քաղաքականություն են վարում Ջավախքում: Նրանք բացահայտ ասում են, որ ջավախահայության ազգային խնդիրների մասին ցանկացած խոսակցություն սրում է հայ-վրացական հարաբերությունները: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:

Ըստ Թորոսյանի, Վրաստանը ցանկանում է ձերբազատվել Ջավախքի հայերից, որպեսզի նրանք չդառնան ազդեցության գործոն Հայաստանի ձեռքում: «Ջավախքի վերջնական հայաթափումը կվատթարացնի նաև Հայաստանի վիճակը, քանի որ արդեն չի լինի այն հայկական գործոնը Վրաստանում, որը կարող է զսպել վրաց իշխանությունների ՀՀ հանդեպ կամայական գործողությունները»,-ասել է նա:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ վիճակում է Շիրակ Թորոսյանի հարցը, որին թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստան, նա նշել է, որ դեռ ոչինչ չի փոխվել: «Շուրջ մեկ ամիս առաջ Վրաստանում ԱՄՆ դեսպանատնից ինձ հրավիրեցին Թբիլիսի քննարկելու համար Վրաստանի ազգային փոքրամասնությունների խնդիրները: Սակայն, միևնույն է, Վրաստանի իշխանությունները թույլ չտվեցին ինձ մեկնել Թբիլիսի»,-ասել է հայ պատգամավորը: