22 հուլիսի 2010 - 18:31 AMT
Հայաստանի տնտեսությունը կայունացնելու համար կտրամադրվի ևս 5 մլրդ դրամ

«ՀՀ 2010թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաև ՀՀ կառավարության 2009թ. հունիսի 26-ի թիվ 717-Ա որոշմամբ հաստատված ՌԴ-ի ՀՀ-ին տրամադրած պետական վարկի միջոցներից տնտեսության վարկավորման ծրագրի առաջին բաղադրիչի ֆինանսավորման նպատակով կառավարությունը որոշել է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ 2010թ. պետբյուջեում և իր նախկին որոշումներից մեկում։

Որոշման ընդունումը պայմանավորված է այն բանով, որ ըստ ՀՀ կենտրոնական բանկի ՌԴ-ի ՀՀ-ին տրամադրած պետական վարկի միջոցներից տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակում ներկայումս առաջացել է վարկավորման պահանջարկ և կան համապատասխան ծրագրեր։ Դրանք ֆինանսավորելու նպատակով կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից ՀՀ 2010թ. պետբյուջե է ներգրավվում ևս 5.0 մլրդ դրամ։