23 հուլիսի 2010 - 16:12 AMT
ՀՀ կառավարությունն ու ՀԲ-ն 40 մլն դոլարի համաձայնագիր են կնքել կենսական նշանակության ճանապարհների վերականգնման համար

Հուլիսի 23-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվեց «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման» մասին 40 մլն դոլար արժողությամբ վարկային համաձայնագիրը:

Ինչպես հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը և ՀԲ երևանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նաիրա Մելքումյանը: Ծրագիրն ուղղված է կենսական նշանակության ավտոճանապարհների վերականգնմանն ու ճանապարհաշինության ոլորտում լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը:

Ծրագրով նախատեսվում է հանրապետության թվով 9 մարզերում իրականացնել գյուղական համայնքները հիմնական մայրուղիներին կապող շուրջ 190 կմ ճանապարհային հատվածների վերականգնման աշխատանքներ: ՀԲ երևանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նաիրա Մելքումյանը նշեց, որ մինչև տարեվերջ արդեն իսկ նախատեսվում է վերականգնել 50 կմ ճանապարհ: Նրա խոսքով` ծրագիրը հնարավորություն կտա ստեղծել շուրջ 19 000 մարդ/ամիս աշխատատեղ այս ոլորտում: Վարկը տրամադրվում է 25 տարի մարման ժամկետով, որից 10 տարին արտոնյալ, լողացող տոկոսադրույքով: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն իր խոսքում նշեց, որ վարկի տրամադրման պայմանները շահավետ են, ինչը հնարավորություն կտա հստակորեն իրագործել տարածքային համաչափ զարգացում ապահովող այս ծրագիրը և առանց որևէ դժվարությունների մարել վարկը: